Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր կառավարության հերթական նիստից հետո ճեպազրույցներին անդրադարձավ խաղաղության պայմանագրին:

Մասնավորապես խոսելով մինչև ապրիլի վերջ սահմանների և անվտագնության խնդիրներով զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ հույս ունեն, որ մինչև ապրիլի վերջ գտնել լուծումներ և առաջ շարժվել: «Բայց կարող եմ ասել, որ այս պահին էլ ինտենսիվ քննարկումները շարունակվում են և ընդհանուր առմամբ հարցեր  կան, որոնց պատասխանը վերջնական չենք գտել»,- ասաց նա: Նա նշեց, որ բոլոր քարտեզները, պատմական փաստերը տեղադրված են, և հանրության ցանկացած անդամ հնարավորություն ունի ծանոթանալու դրանց:
 

«Խաղաղության պայմանագրի օրակարգի հարցերից մեկն էլ հենց միմյանց սուվերենությունը ճանաչելու մասին է, իհարկե դեռևս 1992 թվականին ԱՊՀ շրջանակներում Ադրբեջանը և Հայաստանը ճանաչել են միմյանց սուվերեն տարածքները և ինքնիշխանությունը, բայց գիտենք  նաև, որ հետագայում այլ զարգացումներ են եղել, բայց Հայաստանը և Ադրբեջանը շարունակում  են միմյանց սուվերենություն ճանաչել:  Հինգ կետին եղել է Հայաստանի վեց կետանոց պատասխանը, Հայաստանի համար անընդունելի կետ չի եղել»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանը իր վեց կետերով առաջարկել է, որ ԼՂ հիմնախնդրին ևս լուծում պետք է տրվի, որ հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ:

«Այս պահին  մեր մոտեցումն այն է, որ հինգ պլյուս վեց կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև մենք երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծումը: Մեր քննարկումներում, որ այդ երկու փաթեթը պետք է միացնել և բանակցություններ սկսել՝ այդ ըմբռնումը կա, այդ թվում՝ ադրբեջանական կողմում և միջազգային մյուս գործընկերների կողմից»,- ասաց նա:

 

935