Այսօր՝ մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատարի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի։ Տեղում տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 3-րդ վաշտի պարեկներ Նարեկ Սարգսյանը, Վահրամ Գալստյանն ու կրտսեր պարեկ Ազատ Սահակյանը։
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։