
Կառավարությունը այսօր հերթական նիստին՝ 4 մլրդ 750 մլն դրամ հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ 2022 թվականին հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև մի շարք ճանապարհահատվածների և 1 տրանսպորտային օբյեկտի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և դրանց փորձաքննության ծառայությունների համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հիմնանորոգված ճանապարհները: «Վերջին տարիներին մենք ըստ էության ճանապարհների որակի առումով էական փոփոխություն ենք արել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհը այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ: Բայց վերջին անգամ, որ եղել եմ, արդեն երևում է, որ այս հատվածների հիմնանորոգման առումով էականորեն որակական փոփոխություն կունենանք»,- ասաց նա և ներկայացրեց 2022 թվականին մեկնարկվող աշխատանքները:
Վարչապետը նշեց, որ հիմա հանգամանքների բերումով Սյունիքի մարզում շատ խիտ ճանապարհային ցանց են ստեղծում, ինչը կարևոր ներդրում է նաև մարզի սոցիալ-տնտեսական հետագա զարգացման առումով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհին ակտիվ աշխատանք է գնում, և 16 ոլորանի փոխարեն կունենանք 3 ոլորան: «Ինչ վերաբերում է ընդհանրապես դեպի Սյունիք գնացող ճանապարհին, հաշվի առնելով, որ նախատեսված է եղել Հյուսիս-Հարավ կառուցել, երկար ժամանակ մեր նախկին իշխանությունները այդ ճանապարհի՝ Մ2-ի վրա աշխատանք չեն կատարել և հեղափոխությունից հետո ոչ Հյուսիս-Հարավը կար, ոչ ճանապարհ»,- ասաց նա: