Կառուցված համակարգը չի նախատեսված հորդ անձրևների համար:  Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը՝ անդրադառնալով ջրահեռացման խնդրին, երբ հորդ անձրևների ժամանակ քաղաքում կուտակումներ են լինում:

«Աշխարհի ոչ մի տեղ էլ այդպիսի հնարավորություն չկա, որ հորդ անձրևների դեպքում հընթացս բոլոր ջրերը հեռացվեն, մեզ մոտ էլ երբ շատ ուժեղ անձրև է գալիս, ինչպես այսօր եկավ, խնդիր է առաջանում: Ջրահեռացման համակարգն ունի որոշակի թողունակություն, որը նախատեսված է միջին կարգի անձրևների համար: Քաղաքում խոցելի վայրեր կան, որտեղ ավելի շատ են կուտակվում անձրևաջրերը և հընթացս չեն հեռանում, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը մեր քաղաքի համար ընդունելի է, քանի որ փոքր և միջին անձրևների դեպքում, մենք խնդիր չենք ունենում»,- ասաց նա:

Ջրահեռացման խնդրի համար Մուրադ Սարգսյանը մի քանի պատճառ ներկայացրեց:  Նա նշեց, որ ջուրը չի հեռանում, քանի որ  անձրևն իր հետ բերում է փողոցային աղբ, և դրանք կարող են լինել տոպրակներ, տերևներ կամ այլ նյութեր, և այդ բոլորը գնում են ճաղավանդակներ, կուտակվում են, և բավական է մի պոլիէթիլային տոպրակ գա հասնի ու փակի ճաղավանդակը, և այն չի գործի: Նա նշեց, որ իրենք պարբերաբար մաքրում են ճաղավանդակները:

«Այսինքն ասել, թե այդ համակարգը չի աշխատում, այնքան էլ ճիշտ չէ, և ավելի լավ արդյունք կունենայինք, եթե մեր քաղաքը լիներ այնքան մաքուր, որքան կցանկանայինք, որ լիներ»,- ասաց նա:

Հարցին, թե ստացվում է, որ քաղաքապետարանի մեղքն է, որ աղբահեռացումը պատշաճ չի կատարվում, նա չհամաձայնեց և նշեց, որ հնարավորինս մաքրում են: Մուրադ Սարգսյանը նշեց, որ հաճախ ինքն է տեսնում, երբ քաղաքացիները մեքենաներից աղբ են նետում, և սա մեր ընդհանուր ոչ բավարար մակարդակ ունենալու խնդիր է:

Մուրադ Սարգսյանը հայտնեց նաև, որ Քանաքեռ համայնքը ի սկզբանե չունի անձրևատար համակարգ,  և այդ փողոցով ջուրն իջնում է ներքև: «Մյուս խնդիրը օրեցօր ասֆալտապատվող տարածքների ավելացումն է. իհարկե լավ է, որ քաղաքը բարեկարգվում է, բայց եթե առաջ այդ անձրևը հողի մեջ ներծծվում գնում էրայսօր այդ պատճառով հոսում է և ծանրաբեռնվածությունը համակարգի վրա մեծանում է: Ես չգիտեմ քիչ թե շատ մեծ քաղաք, որտեղ այսպիսի խնդիրներ չառաջանան, քաղաքը զարգացող կենդանի օրգանիզմ է և նոր թաղամասեր են ավելանում, նոր խնդիրներ են ի հայտ գալիս, պետք է համակարգը շատ մեծանա, և դա քաղաքաշինական խնդիր է»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ մենք պետք է համակերպվենք, որ հորդառատ անձրևների ժամանակ քաղաքում փոքրիկ գետեր, լճակներ են առաջանալու, նա ասաց, որ դա ոչ մեկից կախված չէ, այլ օբյեկտիվ իրականություն է: «Հորդ անձրևների ժամանակ ժամանակավոր կուտակումները քաղաքի որոշ հատվածներում չեն բացառվում: Դուք կարող եք մի ժամ հետո դուրս գալ և տեսնել, որ էլ ջուր չկա, քանի որ խնդիրը  միայն հորդ անձրևն է»,-ասաց նա:

826