Իտալիայի բժիշկները հայտնաբերել են երկրում առաջին հիվանդին, որի մոտ «կապիկների ծաղիկ» վարակն է հայտնաբերվել։ Նման ախտորոշմամբ վարակված եւս մեկ մարդ հայտնաբերվել է Շվեդիայում։

Իտալական ANSA գործակալությունը մայիսի 19-ին հայտնում է, որ վարակված հիվանդը բուժզննում է անցնում Լաձարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտում եւ վերջերս է վերադարձել Կանարյան կղզիներից: Այժմ տղամարդը գտնվում է մեկուսացման մեջ, նրա վիճակը բավարար է։

Շվեդիայի առողջապահության վարչությունը ևս հայտնել է, որ մարդու՝ «կապիկի ծաղիկով» վարակվելու դեպքը հաստատվել է Ստոկհոլմի շրջանում: Դեռ հայտնի չէ, թե նա որտեղ է վարակվել։ Այս պահին ինֆեկցիոնիստները պարզում են՝ Շվեդիայում այլ հիվանդներ կան, թե ոչ։

Մայիսի 18-ին հաղորդվել էր, որ Իսպանիայի առողջապահության նախարարությունը եւ տեղական իշխանությունները սանիտարական տագնապի ռեժիմ են սահմանել Մադրիդում «կապիկների ծաղիկ» վարակվելու ութ դեպք հայտնաբերելուց հետո:

«Կապիկների ծաղիկ» հիվանդության դեպքերը մինչեւ հիմա պարբերաբար տեղի են ունենում Աֆրիկայի որոշ շրջաններում՝ արեւադարձային խոնավ անտառների գերակշռությամբ: Մահացությունը այս վարակից 1-10% է:

808