Շուրջ մեկ ամիս է՝ «խորհրդարանական» ընդդիմությունը փողոցում է: Ամեն օր` բռնության կոչեր, ցուցարարների անպարկեշտ պահվածք, հարյուրավոր բերման ենթարկվածներ  եւ օր օրի նոսրացող համակիրների շարքեր: Փորձագետներից շատերը վստահ են` շարժումը մարելու է, իսկ ընդդիմության պարագլուխները պնդում են, թե հասել են երկիշխանության:

Araratnews.am-ը քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանի հետ փորձել է ամփոփել ընդդիմության մոտ մեկ ամիս տեւող «պայքարն» ու դրա առաջնորդների գրանցած «հաջողությունները»:

Մոտ մեկ ամիս է, ինչ շարունակվում է ընդդիմադիրների պայքարը. ինչի՞ են ձգտում նրանք, ո՞րն է նպատակը, եւ, Ձեր կարծիքով, հաջողել են, թե՞ ոչ:

Խորհրդարանական ընդդիմությունն ընդամենը փորձում է ստուգել իր ուժերն ու ավելացնել ունեցած ռեսուրսները` նպատակ ունենալով հասարակության մոտ հետաքրքրություն առաջացնել: Նրանց կարեւորագույն առաքելությունն է` անել ամենը, որպեսզի հանրությունն իրենց չմոռանա: Քաղաքական գործընթացների կանոնն է` դաշտը անընդհատ վերափոխվում է, եւ  հաճախ շատ քաղաքական ուժեր պարզապես անելիք չեն ունենում որեւէ շրջանում եւ «խաղից դուրս են մնում», ուստի ընդդիմությունը եւս բացառություն չէ: Թեպետ, նրանց «ընդդիմություն» կոչելը մի փոքր բարդ է, քանի որ  նրանք ընդդիմադիր գործունեություն ընդհանրապես չեն ծավալում, եւ որքան էլ ցավալի է, մինչ այժմ անհասկանալի է, թե ինչով են զբաղված: Փաստացի նրանք չեն հաջողել, քանի որ հանրության լայն զանգվածի աջակցություն չեն վայելում, բայց վստահ եմ՝ եղածից էլ են գոհ, քանի որ նրանց համար հարցն այն  չէ՝ իրենց մասին դրական են խոսում, թե բացասական, կարեւորը` որ հիշատակում են իրենց, սա արդեն իսկ հաճելի անակնկալ է այդ ուժի համար:

Դուք նշում եք, որ չեն հաջողել, բայց ընդդիմության ակցիաների պարագլուխներից Իշխան Սաղաթելյանն այլ բան է պնդում. ասում է` երկրում երկիշխանություն է, իրենք հաղթելու ճանապարհին են:

Իրենք շատ բան կարող են հայտարարել, դա իրենց «քաղաքական» գործելաոճի կարեւորագույն տարրերից է: Նրանց ղեկավարներից մեկն էլ  ամեն ցույցի ընթացքում գոռում է` «էս ինչ շատ ենք», բայց դրանից բնավ նրանց համակիրների քանակը չավելացավ չէ՞, դրանք ընդամենը շարքային, ներքին սպառման համար հնչող հայտարարություններ են: Այդ վանկարկումներով փորձում են իրենց համակիրներին ու ցույցի մասնակիցներին ոգեւորել, որպեսզի վերջիններս չհիասթափվեն, շարունակեն ցույցերին ներկայանալ։ Ակնհայտ է, չէ՞, որ օր օրի նրանց համակիրների շարքերը նոսրանում են: Հաշվարկներն այս ամենի վառ ապացույցն են: Մայիսի 1-ին, եթե նրանց ցույցին հավաքված էր 12.000 քաղաքացի, ապա այսօր` մենք տեսնում ենք ընդամենը 2000-3000 մասնակից: Այն օրակարգով, որով նրանք այս ամբողջ գործընթացը սկսեցին, որեւէ կերպ հաջողել հնարավոր չէր, այդ անհնարինությունն էլ հանգեցրեց մարդկանց քանակի նվազման:

Ի՞նչ եք կարծում, եթե, ուղղակի ենթադրենք, թե գործող իշխանությունը հեռանում է, եւ իշխանության է  գալիս փողոցում գտնվող ուժը, արդյոք նրանց կհաջողվի բանակցել այնպես, որ Արցախի հարցում մենք ուժեղի դիրքից խոսենք:

Փորձեմ հարցին երեք շերտով պատասխանել։ 

Իշխանության հեռացման մասին. իշխանությունը ՀՀ-ում եւ ցանկացած ժողովրդավար երկրում հեռանում է ժողովրդի կամքով եւ համապատասխան ժողովրդավարական գործիքներով, որոնցից մեկը ընտրությունն է: Մինչեւ 2018 թիվը այդ գործիքը ժողովուրդը չուներ, որովհետեւ գիտեր, թե ընտրություններն ինչպես են անցկացվում, իսկ այսօր այդ գործիքը ժողովրդի ձեռքում է, ուստի հենց ընտրությունները կփաստեն կհեռանա՞ այս իշխանությունը, թե ոչ։ 

Փողոցում գտնվող ուժի իշխանության գալու մասին. Իշխանության հեռանալու դեպքում անգամ փողոցի զանգվածի իշխանության գալը դժվարությամբ եմ պատկերացնում, հաշվի առնելով, որ նրանք ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեն, դա կարող է լինել միայն զինված հեղաշրջման կամ նման մի բանի միջոցով, իսկ այդ դեպքում բանակցային գործընթացում Հայաստանը ներկայացնելու հնարավորություն արդյոք կունենան, թե ոչ` դա արդեն հարց է, որովհետեւ հնարավոր է՝ միջազգային հանրությունը չընդունի ՀՀ-ում զինված հեղաշրջման կամ անօրինական միջոցներով իշխանության եկած ներկայացուցիչներին, եւ երրորդը` եթե կարողանան հաղթահարել ու բանակցությունների գնալ, ապա այդտեղ ամեն ինչ հնարավոր է` լավագույն սցենարից մինչեւ սպասվող վատագույնը:

Ընդդիմության պայքարի առաջամարտիկի դերում մենք տեսնում ենք բոլորին միաժամանակ` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան, Գեղամ Մանուկյան եւ այլք, բայց հստակ մեկ առաջնորդի առաջադրում մինչ օրս չկա, ո՞րն է պատճառը: 

Լիդեր՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն  էր 2018 թ., իհարկե նկատելի չէ,  բայց մի բան հստակ է, այնտեղ կան անհատներ, որոնք որոշակի վարկանիշ ունեն իրենց հետեւորդների շրջանում, եւ եթե հնարավոր լիներ իրենց հռչակած «օրակարգն» իրականացնել, ապա հավանաբար նրանք ինչ-որ ներքին պայմանավորվածության կգային թեկնածու առաջադրելու, բայց քանի որ դա ոչ տեսականորեն եւ ոչ էլ պրակտիկորեն հնարավոր չէ իրագործել, ապա լիդերի խնդիր լուծելը, վստահաբար, անիմաստ են համարում:

Իշխանությունը դեռեւս խորհրդարանում ընդդիմությանը մշտապես հորդորել է գալ, նստել մեկ սեղանի շուրջ, քննարկել իրավիճակն ու փորձել ելքեր գտնել, բայց փողոցում գտնվող ուժը մշտապես մերժել է. ո՞րն է քննարկումից խուսափելու պատճառն ըստ Ձեզ:

Կա մի անհերքելի ճշմարտություն. նրանց նպատակը երբեք էլ ի շահ Հայաստանի աշխատելը չի եղել, երբեք չեն փորձել գալ ԱԺ ու որպես իրական ընդդիմություն կառուցողական քայլեր իրականացնել: Նրանք ամենեւին չեն գիտակցում, որ ՀՀ Սահմանդրության համաձայն՝  ընդդիմությունը պետք է ԱԺ-ում գործընթացներ սկսի ի շահ Հայաստանի, ոչ թե ի վնաս իշխանության, որ հանուն մեր երկրի շահի փորձի իշխանությանը մղել ավելի շատ աշխատելուն, բայց այս ընդդիմությունն այդ ամենն անելու փոխարեն դուրս է եկել փողոց ու գոռում է` «իշխանություն»:

 

Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

1625