Կառավարությունը հաստատեց Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշեց, որ բնակչության շրջանում արդեն կիրառվում է ծրագիրը՝ որպես ռենովացիոն ծրագիր.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշումներ կայացնելիս պետք է փորձեն մի քանի կամ մի քանի խումբ խնդիրներ լուծել։ «Այս ծրագիրը, որը մենք պայմանականորեն անվանում ենք ռենովացիայի ծրագիր, շատ կարևոր օրինակ է»,-ասաց նա և նշեց, որ դրանով փորձում են քաղաքացիներին աջակցել, որ բնակարանային ֆոնդի ընթացիկ վիճակը, որակը բարձրացվի, այսինքն՝ քաղաքացիներին առաջարկվում է սուբսիդավորվող վարկեր բնակարանների նորացման համար:

«Հատկապես գյուղական վայրերում բնակֆոնդի մաշվածության լուրջ խնդիր ունենք. հատկապես գյուղական վայրերում առանձնատները ոչ ռացիոնալ չափերի են: Մենք հիմա ուզում ենք քաջալերել և հույս ունենք, որ բանկային համակարգը մեզ կօգնի, որպեսզի առանձնատները վերակազմակերպվեն: Մանավանդ հիմա տուրիզմի ոլորտում ծրագրեր կան, որոշակի ակտիվացում կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պարտադիր պայման է դրվում, որ վարկի առնվազն 30 տոկոսը պետք է օգտագործվի էներգախնայողության համար:

«Հաջորդ խնդիրը, որը մենք լուծում ենք, փորձում ենք տարածքի համաչափ զարգացման տրամաբանության մեջ էլ ինչ-որ բան անել և վարկերը սուբսիդավորել հետևյալ տրամաբանությամբ. բանկը վարկը կտա 14 տոկոսով առավելագույնը, կառավարությունը կսուբսիդավորի հետևյալ կերպ. սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսը կլինի զրո, գյուղական համայնքներում՝ 2 տոկոս, քաղաքային համայնքներում՝ Երևանից դուրս՝ 3 տոկոս, և Երևանում կլինի 5 տոկոս: Մենք նաև պայման ենք դնելու, որ ծրագրով ստացած միջոցների առնվազն 70 տոկոսը պետք է ծախսվի անկանխիկ. գնումնեը պետք է իրականացվեն անկանխիկ, որը կբերի առևտրաշրջանառության մեջ ստվերի կրճատման: Վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով և մոնիթորինգ է իրականացվելու՝ ստուգելու համար, թե արդյոք դա նպատակային է օգտագործվում: Եթե տեսնենք, որ նպատակային չէ, մենք կդադարեցնենք սուբսիդավորումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը իր խոսքում նախագծի կազմման համար շնորհակալություն հայտեց գործընկեր նախարարություններին՝ Կենտրոնական բանկին, փոխվարչապետ Մաթևոսյանի գրասենյակին, Քննչական կոմիտեին, որը լուրջ վերլուծություն է ներկայացրել:

«Պարոն Քյարամյան, էս նոր գործառույթներ կա՞ն»,- հետաքրքրվեց վարչապետը և մեջբերեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կատակը. «Գրիգորյանն ասում ա՝ ԱԱԾ-ին էլ շնորհակալություն հայտնեք, որ ոչ մեկ հանկարծ այդ վարկից չվերցնի»:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարզաբանեց՝ թեև առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց մտահոգություններ ունեին՝ կապված վարկի հետագա օգտագործման վերահսկելիության հետ և իրենց նկատառումները ներկայացրել են:

 

1743