Որքան էլ Իշխան Սաղաթելյանը բղավի, թե երկրում հասել են երկիշխանության եւ արդեն զգում են հաղթանակի համը, միեւնույն է, իրականությունն այլ է. ընդդիմության շարքերն օր օրի նոսրանում են, փոխարենը, դրան զուգընթաց աճում է վերջիններիս ագրեսիվությունը. ապացույցն՝ ամեն օր հնչող բռնության կոչերն ու շինծու ծեծկռտուքներն են:

Ընդդիմության պայքարի ձախողման, դրա պատճառների, մինչ օրս լիդեր չառաջադրելու եւ «մեղավորների» մասին Araratnews.am-ը խոսել է  քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի  հետ:


Թե ինչու ընդդիմության «պայքարի» համար ընտրվեց հենց մայիս ամիսը, եւ ինչու չհաջողեցին։

Ճիշտ է, մեկնարկը տրվեց մայիսի 1-ին, բայց ներքին գործընթացները սկսել էին դեռ ապրիլի 24-ից: Նրանք կարծում էին, որ Ցեղասպանության խնդրի եւ մայիսյան եռատոնի ոչ այնքան ցանկալի իրականությունը գեներացնելով ու հասարակության այդ օրերի զգացմունքներն օգտագործելով` կարողանալու են ժողովրդին հանել փողոց ու հրամցնել իրենց համար ցանկալի իրականությունը, ըստ որի՝ Ն. Փաշինյանը միջազգային մակարդակով հանդիպումներին ինչ-որ փաստաթղթեր է ստորագրում: Այսպիսով, վստահ են, որ իրականության նման պատրանք ստեղծելով հասնելու են «վարչապետափոխության»: Ուստի չհաջողելու պատճառը հետեւյալն էր. փաստ է, իշխանությունը ներքին լեգիտիմությունից զատ ունի նաեւ արտաքին շատ բարձր լեգիտիմություն, բացի սա, զարգացումներն էլ այնպես չեն ընթանում, որ նրանց թույլ տան իշխանություններին փաստարկված մեղադրել դավաճանության կամ Արցախը տալու մեջ: Արդյունքում քաղաքական որեւէ պրոցես ունենալու փոխարեն այժմ ունենք ամենօրյա զվարճալի իրադարձություններ, որոնք մարդիկ ավելի շատ նայում ու հրճվում են, ուստի որքան էլ որ ծիծաղելի է, մարդիկ հենց դրանք են քննարկում:

Լիդերի բացակայության մասին

Իրավիճակն ընդդիմության համար բարդացավ այն ժամանակ, երբ հրապարակում տեսանելիորեն առաջացավ լիդերության խնդիր.  Սերժ Սարգսյանը պնդում էր, որ նախկին նախագահները չեն հավակնելու որեւէ պաշտոնի, բայց Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը հրապարակում կարծեք թե անհամաձայնության նշան է իր իսկ «գաղափարակցի» պնդմանը: Ավելին, Քոչարյանն այս ֆոնին ավելի շատ իր որդու քաղաքական կարիերայի խնդիրն է փորձում լուծել: Սրան զուգահեռ ՀՀ երրորդ նախագահն էլ Արթուր Վանեցյանի շուրթերով  հայտարարում է` լիդերը նոր պետք է ծնվի, միչդեռ որոշներն էլ որպես մերձանցումային վարչապետ ակնարկում են Իշխան Սաղաթելյանին, այսկերպ փորձում թաքցնել իրական վարչապետի թեկնածուին կամ նրա որդուն, մի խոսքով, այսպիսի խառը, դաժան եւ տխուր վիճակ: Իրենք իրար մեջ անգամ չեն կարողանում հասկանալ, թե ում են ուզում առաջադրել առաջնորդի կարգավիճակում, այդկերպ հայտնվելով շատ տգեղ ու ծիծաղելի իրավիճակում:

Համակիրների շարքերի օր օրի նոսրացման պատճառը

Իրենց համակիրների մի մասն այլեւս համոզվել է, որ փողոցում գտնվող ուժը իշխանափոխություն իրականացնող չէ, մարդիկ հիմար չեն, չէ՞, հասկանում են, որ Երեւանի կենտրոնում Արցախ չեն փրկում: Վստահ եմ, հանրությունը քաջ գիտակցում է, որ այս իրավիճակում հայտնվելը միայն Ն.Փաշինյանի մեղքը կամ պատասխանատվությունը չէ, դա գործոնների ու եղելությունների մի ամբողջություն է: Եթե անգամ, ինչպես իրենք են ձեւակերպում, ընդունվի կապիտուլյացիա, թեպետ ես այդ բառը երբեւիցե չեմ օգտագործել ու չեմ օգտագործի, այնուամենայնիվ, դրա ընդունումը երկրի բանակցային դիրքերի խնդիրն է, ոչ թե անձի բանակցային դիրքերի խնդիրը, փաստ է, այդ գործոնները մեր օգտին չեն եղել ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո: Փողոցում գտնվող ուժը պետք է հասկանա, որ առաջնորդությունը միայն գալ ու խեղճացած կամ ահաբեկված հասարակության առջեւ կանգնելն ու «Արցախը տալիս են» գոռալը չէ: Ասենք, լավ, Փաշինյանը չէ, իրենք են, կամ մեկ այլ ուժ, այդ դեպքում միջազգային ներկայացուցիչների շահերը փոխվելու են, ախր ամենը էդքան հեշտ չէ, մենք գործ ունենք 20 եւ ավելի տարիների կարծր խնդրի հետ:

Մեղավորների մասին

Այսօր ընդդիմության լայն շրջանակների կողմից կիրառվում է մեկ մեղավորի տեսությունը, ըստ որի՝ պատերազմի այս վերջաբանի համար մեկ մարդ  է մեղավոր եւ այդ մեկը Նիկոլ Փաշինյանն է: Բայց, չէ՞ որ բոլորս գիտենք, թե քանի  նախագահություն ու վարչախումբ է մեղավոր, թե ինչպիսին է երկար տարիներ եղել մեր երկրի քաղաքականությունը, գիտենք, չէ՞, որ խնդիրները լուծողը միայն Նիկոլ Փաշինյանը չէ: Իրենք մեղադրում են դիմացինին, բայց չեն նկատում իրենց պրիմիտիվ դատողությունները, չեն հասկանում, որ ժողովուրդը դա տեսնելով չի միանալու իրենց, ինչքան էլ աջ ու ձախ գոռան կամ մեղավորի անուն հնչեցնեն: Աշխարհի ոչ մի երկրում չկա այնպիսի իրականություն, որում հասարակությունը կարողանա էլիտայից լայն ու հիմնավոր վերլուծել իրավիճակը, ներեցեք, բայց դա արդեն ոչ էլիտա է, ոչ էլ առավել եւս առաջնորդություն: 

Կարգախոսների ընտրությունը

Կարգախոսները եւս շատ ծիծաղաշարժ են` «թալանը հետ ենք բերելու», «չկատարված խոստումները կատարելու ենք», կամ «փրկելու ենք Արցախը«»: Ախր սովորական մարդը հարց է տալիս, ասում է՝ 20 տարի ունեիք Արցախը փրկելու համար, բա խի՞ չեք փրկել, կրկնում եմ՝ ընկեր, 20,  20 եւ ավելի տարի եք ունեցել, բա խի՞ չեք փրկել Արցախը:

Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

2333