

«Ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՊՆ համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար կսահմանվի բնակարանային ապահովման նոր տեսակ` անհատույց օգտագործման եւ անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք»,- այսօր` հունիսի 2-ին կայացող Կառավարության նիստի ընթացքում ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը` խոսելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
«2022 թ.-ի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարաններ կհատկացվեն, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու եւ մինչ պայմանագրի լրանալը առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով, պայմանագրային զինվորական ծառայությունից ազատվելու եւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բանակարանը անհատույց սեփականության հիմքով կտրամադրվի»,- ասաց ՊՆ նախարարը:
Վարչապետը հավելեց` տվյալ սպան կարող է այդ բնակարանը օգտագործել ինչպես ցանկանա` բնակվել, վարձակալության տալ, բայց չի կարող օտարել, որովհետեւ լիարժեք սեփականության իրավունք չի ստանում, բայց 20 տարի ծառայությունն ավարտելու պահից արդեն կստանա նաեւ սեփականության իրավունք: