Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին, որը Հայաստան է այցելել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Վարչապետը ողջունել է պարոն Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և կարևորել Հայաստանի՝ 2021-2025թթ. համար ՄԱԿ-ի ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ ընտրվելը, ինչն էլ ավելի կխթանի արդյունավետ փոխգործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ զբոսաշրջությունը տնտեսության՝ կորոնավիրուսի համավարակից առավել տուժած ճյուղերից է Հայաստանում, որը ներկայում վերականգնման միտում է արձանագրում, և Կառավարությունը տարբեր ծրագրերով հնարավորինս աջակցում է այդ գործընթացին:

ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին ջերմ հյուրընկալության համար ու նաև շնորհավորել վարչապետ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք: Նա ողջունել է նստաշրջանը Երևանում անցկացնելու ՀՀ կառավարության որոշումը, կիսվել տպավորություններով միջոցառման ընթացքի և իր հանդիպումների վերաբերյալ, արդյունավետ գնահատել նստաշրջանի աշխատանքները: Զուրաբ Պոլոլիկաշվիլին ուրախալի է համարել Հայաստանում տուրիզմի վերականգնման միտումը և ՀՀ կառավարության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Երկուստեք կարևորվել են գյուղական տուրիզմի և ագրոտուրիզմի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, զբոսաշրջային բիզնեսով զբաղվելը խթանող, մտածելակերպը զարգացնող կրթական ծրագրերի իրականացմանը, նաև կանանց ձեռներեցության հզորացմանը միտված նախաձեռնությունները: Վարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրերն այս ուղղություններով և դրանց շարունակական լավարկման համատեքստում կարևորել ՄԱԿ-ի ԶՀԿ խորհրդատվական օժանդակությունը: Զուրաբ Պոլոլիկաշվիլին հետաքրքրական է համարել ներկայացված ծրագրերը և վերահաստատել ՄԱԿ-ի ԶՀԿ պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով աջակցելու դրանց հաջող իրագործմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել հաջորդ տարի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ներդրումային համաժողով կազմակերպելու հնարավորությունների շուրջ և պայմանավորվել շարունակել համագործակցության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

547