Այսօր 12-րդ դասարանը ավարտեցին 21 հազար աշակերտ, 9-րդ դասարանը՝ ավելի քան 34 500: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Անդրադառնալով հարցին, թե այս տարի կոռուպցիոն երևույթի դրսևորումներ գրանցվե՞լ են՝ կապված ուսուցիչներին թանկարժեք նվերներ տալու հետ, ԿԳՄՍ-ից ասացին, որ շրջաբերական գրություն են տարածել դպրոցներին, որ զերծ մնան նման բաներից, սակայն ահազանգերը ամբողջությամբ չեն վերացել, թեև հաճախ ծնողական համայնքի համաձայնությամբ են նման երևույթները լինում:
Մեզ նաև հայտնեցին, որ կան սահմանամերձ համայնքներ, որտեղ ընդհանրապես շրջանավարտներ չկան:
Գեղարքունիքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զարզյանը հայտնեց, որ մարզային ենթակայության տակ ունեն 116 հանրակրթական պետական հաստատություն և այս տարի ունեն 2366 իններորդ դասարանի շրջանավարտներ, իսկ 12-րդ դասարանցիները 1206-ն են:
«Ունենք չորս դպրոց, որտեղ իններորդ դասարանը ավարտում են մեկական աշակերտներ, իններորդ դասարանի աշակերտ չունենք միայն Ծափաթաղի միջնակարգ դպրոցում: 12-րդ դասարանում ունենք մեկական շրջանավարտ՝ 4 դպրոցում, և 4 դպրոցում էլ շրջանավարտ ընդհանրապես չկա»,- ասաց նա:
Հարցին, թե սահմանամերձ համայնքներից բնակիչների արտահոսք նկատվո՞ւմ է, Կարեն Զարզյանն ասաց, որ թվերը գրեթե անցած տարվա նման են, և գրեթե նույն պատկերն է նաև առաջին դասարան այցելողների մոտ: