Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 9-ի նիստում հավանություն տվեց 2021 թ. դեկտեմբերի 21-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը բխում է ԵԱՏՄ շրջանակում կապիտալի միասնական շուկա ստեղծելու սահմանված նպատակից և հանդիսանում է այդ նպատակին հասնելու միջոցառումներից մեկը:
Համաձայնագիրը թույլ կտա անդամ երկրների վարկային բյուրոներին փոխանակել վարկային տեղեկատվություն:
Փաստաթղթի նպատակն է վարկային ռեսուրսներին հասանելիության տեսանկյունից ապահովել հավասար պայմաններ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար՝ անկախ իրենց փաստացի գտնվելու վայրից:
Միևնույն ժամանակ, վարկային պատմությունների փոխանակումը հնարավորություն կտա բանկերին ավելի ճիշտ գնահատել իրենց ռիսկերը և այլ երկրի ռեզիդենտ հանդիսացող, պարտաճանաչ վարկառուին տրամադրել վարկեր ավելի լավ պայմաններով, քան հնարավոր էր սահմանափակ տեղեկատվության պարագայում: