Հայկական ազգային առաջին լոուքոսթ ավիաընկերության՝ FLYONE ARMENIA-ի աջակցությամբ և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հովանու ներքո Ստամբուլի լավագույն հաստատությունների շարքին դասվող «Ջեմալ Րեշիթ Րեյ» համերգասրահում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հիմնադրման 20-ամյակին նվիրված համերգը։

Հայաստանից ժամանած Կոմիտասի անվան ազգային (լարային) քառյակի և տեղացի դաշնակահարների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Հարությունյանի, Միրզոյանի, Մասսնեի և Դեբյուսի ստեղծագործությունները։ Համերգին և դրան հաջորդած պաշտոնական ընդունելությանը ներկա էին Ստամբուլում հավատարմագրված մի շարք պետությունների գլխավոր հյուպատոսներ, հյուպատոսական կորպուսի այլ ներկայացուցիչներ, ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը (ԳՔ), Կազմակերպության քարտուղարության պաշտոնյաներ, Ստամբուլում ԹՀ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավարը, Ստամբուլի ՏԻՄ-երի ղեկավարներ, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ և մեծաթիվ այլ հյուրեր։

«Ուրախ ենք, որ կարողացել ենք մեր ներդրումը բերել այս կարևոր մշակութային իրադարձության կայացմանը։ Հայ մշակույթը, հատկապես մեր երաժշտական արվեստը մեր ժողովրդի ազգային դիմագծի անքակտելի մասին է, իսկ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը՝ դրա ամենափայլուն մեկնիչներից մեկը»,- ասաց ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ս. Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ վերականգնելով բազմադարյա պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց անկախության 30-ամյակը և չնայած բազում մարտահրավերներին՝ հնամյա մշակույթի, կրոնի և լեզվի վրա խարսխված իր ինքնության, ստեղծագործական ձիրքի ու տոկունության շնորհիվ հայ ժողովուրդը մշտապես ի ցույց է դնում արհավիրքներից վերականգնվելու և նոր կյանք կառուցելու կարողությունը։ Նա հավելեց, որ այս ամիս նշվող ՍԾՏՀ-ի 30-ամյակի կապակցությամբ Հայաստանը որպես կազմակերպության հիմնադիր անդամ վերահաստատում է իր հավատարմությունը ՍԾՏՀ նպատակներին ու սկզբունքներին և շարունակելու է իր ակտիվ ներդրումն ունենալ տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացման գործում։

Միջոցառմանը ՀՀ ՄՆ-ի 20-ամյակի կապակցությամբ իր պատգամն էր հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ II-ը:

Խոսքով հանդես եկան ՍԾՏՀԿ ԳՔ Լ. Կոմանեսկուն և միջոցառման հանձնախմբի համակարգող Ա. Գոչունյանը, ինչպես նաև ՄՆ-ի կողմից հուշանվերներ հանձնվեցին մի խումբ անհատների։ Մշտական ներկայացուցչության կողմից հուշանվերներ հանձնվեցին մի խումբ անհատների, ինչպես նաև FLYONE ARMENIA ավիաընկերությանը։ Ավարտին ընդունելության սրահում կազմակերպվեց ՍԾՏՀ-ում ՀՀ 30 տարիների գործունեության մասին լուսանկարների շարժադիտում։

1113