Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից հայտնում են՝ դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Լոնդոնի գինու տոնավաճառի հայկական տաղավար, որը տեղի է ունեցել հունիսի 7-9-ը Լոնդոնի «Օլիմպիա» կենտրոնում։

Տաղավարում առաջին անգամ ներկայացված էին հայկական 13 տարբեր գինի արտադրողներ, որոնք ցուցադրում էին տեղական խաղողի տեսակներից պատրաստված բազմատեսակ գինիներ: Գինեգործությունը Հայաստանում ունի խոր պատմական արմատներ, իսկ տարածաշրջանում՝ մոտ 8000-ամյա պատմություն:

Հունիսի 10-ին Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո Travellers Club-ում տեղի է ունեցել հերթական միջոցառումը, որն ուղեկցվել է հայկական էստրադային և ջազային կատարումներով։ Միջոցառմանը վերոնշյալ գինիներն ու դրանց արտադրողները ներկայացվել են հյուրերին, որոնց թվում էին մի շարք լրագրողներ, գործարարներ, վերոնշյալ ակումբի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպան Ներսեսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Travellers Club-ին՝ միջոցառումը հյուրընկալելու համար, իսկ գինի արտադրողներին՝ իրենց գինիներն այդքան գովելի կերպով ցուցադրելու համար։ Նա կարևորել է հայկական գինիների և դրանց հարուստ պատմության ներկայացումը ինչպես բրիտանացի սպառողներին, այնպես էլ գործարար միջավայրին:

Դեսպանը նաև հույս է հայտնել, որ հայկական գինու արտադրությունը կշարունակի զարգանալ և աճել, ավելին, որ այն ավելի հասանելի կդառնա բրիտանական շուկային։ Միջոցառումն իրականացվել է Հայաստանի խաղողի և գինու հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի հետ համատեղ, որն իրականացվում է CARD հիմնադրամի կողմից:

1044