Տեղի է ունեցել Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի նիստը՝ նախագահությամբ  Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, փախնախագահներ  Ալբեր Բոյաջյանի (ԱՄՆ), Ստեփան  Տեր-Պեդրոսյանի (Լիբանան), Ռոլանդ Շառոյանի (Հայաստան), գործկոմի անդամներ Հերմինե Դուզյանի (Ֆրանսիա), Ավո Թոքատլյանի (Արգենտինա), Եփրեմ Բաղի (Թուրքիա), Վրեժ  Շառոյանի (Սիրիա), Շահան Սեմերջյանի (Լիբանան)։   

Ինչպես հայտնում են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, նիստի ընթացքում քննարկվել  են Համահայկական ամառային հերթական խաղերի կազմակերպման ու անցկացման  հարցերը։

Որոշվել է՝

Համահայկական ամառային 8-րդ խաղերն անցկացնել 2023 թ․ օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում,

Ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպել Գյումրիում,

Ամառային խաղերն անցկացնել Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում,

Ամառային 8-րդ խաղերի եզրափակիչ հատվածն ու փակման հանդիսավոր արարողությունն անցկացնել Երևանում,

Առաջարկել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քաղաքային մարմիններին պատվիրակությունների կազմում ընդգրկել նաև հաշմանդամություն  ունեցող հայազգի մարզիկներին,

Համահայկական խաղերի գործադիր մարմնի հաջորդ նիստում քննարկել պարօլիմպիկ խաղերի կազմակերպման հարցը,

Լիազորել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին՝ ՀՀ կառավարության հետ քննարկել ամառային 8-րդ խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը,

Գործադիր մարմնի քննարկմանը և հավանությանը ներկայացնել նաև Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը 2024 թվականի փետրվարին Ծաղկաձորում անցկացնելու հնարավորությունը,

Վերոհիշյալ առաջարկներն ուղարկել գործադիր մարմնի անդամների հաստատմանը։

705