Նոր ուսումնասիրության համաձայն, Ուկրաինայում պատերազմի առաջին 100 օրվա ընթացքում Ռուսաստանը վաստակել է 98 միլիարդ դոլար հանածո վառելիքի արտահանումից․ ընդ որում Եվրամիությունը ամենամեծ ներմուծողն է:

Մինչպատերազմը Ռուսաստանը մատակարարում էր ԵՄ-ի գազի 40 տոկոսը և նրա ներկրվող նավթի 27 տոկոսը:

Այս ամսվա սկզբին դաշինքը համաձայնեց դադարեցնել ռուսական նավթի ներմուծման մեծ մասը և նպատակ ունի այս տարի նվազեցնել գազի առաքումները երկու երրորդով, սակայն ներկա պահին արգելք դրված չէ: Նման զեկույց է հրապարակել Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների ֆիննական անկախ կենտրոնը (CREA)։

Պատերազմի առաջին 100 օրվա ընթացքում ԵՄ-ին բաժին է ընկել հանածո վառելիքի Ռուսաստանի արտահանման 61%-ը, որը կազմում է մոտ 60 միլիարդ դոլար, ասվում է CREA զեկույցում:

Ընդհանուր առմամբ, առաջատար ներմուծողներն են՝ Չինաստանը՝ 13,2 միլիարդ դոլար, Գերմանիան՝ 12,7 միլիարդ դոլար, Իտալիան՝ 8,2 միլիարդ դոլար, Նիդեռլանդները՝ 8,4 միլիարդ դոլար, Թուրքիան՝ 7 միլիարդ դոլար, Լեհաստանը՝ 4,6 միլիարդ դոլար, Ֆրանսիան՝ 4,5 միլիարդ դոլար և Հնդկաստանը՝ 3,6 միլիարդ դոլար:

Ռուսաստանի հանածո վառելիքի եկամուտը հիմնականում ստացվում է հում նավթի վաճառքից (48,2 միլիարդ դոլար), որին հաջորդում են խողովակաշարային գազը (25,1 միլիարդ դոլար), նավթամթերքները (13,6 միլիարդ դոլար), հեղուկ բնական գազը (5,3 միլիարդ դոլար) և ածուխը (4,8 միլիարդ դոլար): 

Նույնիսկ այն ժամանակ, երբ ռուսական արտահանումը մայիսին կտրուկ անկում ապրեց, իսկ երկրներն ու ընկերությունները պատերազմի պատճառով հրաժարվեցին մատակարարումներից, հանածո վառելիքի արտահանման եկամուտները հասել էին ռեկորդային առավելագույնի:

Ըստ CREA-ի՝ Ռուսաստանում արտահանման միջին գները մոտ 60 տոկոսով բարձր են եղել անցյալ տարվա համեմատ:

487