
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ կապված Լարսի վերաբերյալ վերջին շրջանում մամուլում տարածված տեղեկությունների հետ։
Մասնավորապես, պատգամավորը նշեց, որ ՀՀ-ն ունի մոտ 500-600 սառնարանային մեքենաներ, ուստի եթե դրանք բեռնվեն և բեռնաթափվեն, ապա սա նշանակում է, որ դրանք կլինեն տարբեր հատվածներում, սակայն մամուլում հայտնում են Լարսում հազարավոր մեքենաների կանգնած լինելու մասին։
«Կցանկանայի՝ բացատրեք, թե ինչքան այս ամենը կտևի և ինչքան վնաս մենք կկրենք, որովհետև հնչում են տարբեր թվեր ու կարծիքներ։ Ցանկալի կլինի, որ հասարակությունը տեղեկացված լինի, թե ինչ խնդրի հետ ենք առնչվում և իմանանք՝ ՀՀ-ում քանի մեքենա կա, որ մյուս անգամ չհաստատված թվեր չհայտնեն»,- ներկայացրեց հարցը Սուքիասյանը։
Սանոսյանը, շեշտելով հարցի կարևորությունը, նշեց, որ այս խնդիրը բավական սրված է՝ հաշվի առնելով սեզոնայնությունը և այն, որ ունենք միրգ-բանջարեղեն արտահանելու խնդիր։
«Խնդիրը բավականին օբյեկտիվ է՝ հաշվի առնելով այն, որ Սև ծովում նավով շատ բեռների փոխադրումը տեղափոխվել է ցամաք, ուստի Լարսում առաջացել է այս խնդիրը։ Այժմ բոլոր կողմերն էլ բավականին ջանքեր են գործադրում իրավիճակից դուրս գալու համար։ Օրինակ՝ այն, որ թողունակությունը 400 է, սակայն օրական սպասարկվում է 700-ը, շատ բանի մասին է խոսում»,- հայտնեց Սանոսյանը՝ հիշեցնելով վերջերս Լարսում էկոնոմկայի նախարարի և ռուսական, վրացական կողմերի հետ տեղի ունեցած բազմաթիվ քննարկումները ՝ իրավիճակը ավելի բարելավելու ուղղությամբ։
«Ունենք հետևել պայմանավորվածությունը, որ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որը մեկ օրվա ընթացքում կսպասարկի 170-ից 200 մեքենա։ Որոշ արտոնություններ կլինեն ԵԱՏՄ երկրների համար, բայց այստեղ մեկ հերթի որոշակի խնդիր կա»,- ներկայացրեց Սանոսյանը՝ ավելացնելով, որ մեքենաների քանակը հիմա բավական մեղմվել է։
«Մենք ՌԴ-ից Վրաստան հասնելու խնդիր ունեինք, որտեղ այժմ գրեթե խնդիր չկա, լավագույն դեպքում 1 օր է մնում, իսկ այս ուղղությամբ մեքենաները՝ 400-500-ը սահմաններում են, այսինքն՝ մեծ չէ, իսկ հազարավորների մասին խոսակցությունները, կարծում եմ, ամբողջ Վրաստանում բոլոր երկրների մասին է»,- պատասխանեց Սանոսյանը։
Սուքիասյանը նաև շեշտեց, որ ցանկալի կլիներ Լարսից 10 կամ 20 կմ ներքև Վրաստանը այնպես կազմակերպեր, որպեսզի 100 կամ 50 մեքենայի ոստիկանությունը ուղեկցեր ՌԴ տարածք՝ հաշվի առնելով, որ դա ԵԱՏՄ ապրանք է և դրա շրջանակում է տեղի ունենում։ Սրան ի պատասխան՝ Սանոսյանը նշեց, որ սրա շուրջ քննարկումները շարունակվում են։