Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, թե ինչ գործընթաց է սպասվում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մուկուչյանը պարզաբանեց.

«Եթե լիազորությունները դադարեցվում են, ապա մանդատը փոխանցվում է տվյալ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե հերթական հաջորդ թեկնածուն սահմանված կարգով ներկայացնում է ինքնաբացարկ, ապա մանդատը փոխանցվում է հաջորդ թեկնածուին, որն ինքնաբացարկ չի ներկայացրել: Հետևաբար` խմբակցությունը, որն ԱԺ-ում արդեն ունի անվանում, հանդես է գալիս այդ անվամբ, այդ անվանումը պահպանվում է»:

Նա հավելեց, որ ընտրական օրենսգիրքը նախատեսում է՝ եթե ընտրական ցուցակում այլևս չկա թեկնածու, որին կարող է փոխանցվել այդ մանդատը, ապա այն մնում է թափուր:

ԿԸՀ-ում դեռևս չի ստացվել լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմում, ստանալուց հետո ԿԸՀ-ն մեկշաբաթյա ժամկետում, եթե լինում են հերթական հաջորդ թեկնածուների հետ կապված ինքնաբացարկների հարց, քննում է, եթե չեն լինում, ապա մանդատը միանգամից փոխանցվում է հերթական հաջորդ թեկնածուին:

2616