Այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում է Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար ԱԺ թեկնածու առաջադրելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովին ներկայացրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Թեկնածուն, ստուգաբանելով «դատախազ» բառը, նշեց, որ այդ բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է հոգ տանել. «Իսկ ո՞ւմ մասին պետք է հոգ տանի դատախազը: Ինձ համար պատասխանը շատ պարզ է՝ մարդու: Այն մարդու, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը: Դատախազությունը պետք է լինի այդ մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորը, պետք է հոգ տանի, որ այդ մարդը բռունցքներով, զենքով, այլընտրանքային, ստվերային, հանցավոր և այլ ոչ իրավաչափ միջոցներով ստիպված չլինի պաշտպանել իրեն ու իր ընտանիքը»:
Նրա խոսքով՝ դատախազը մարդու մասին պետք է հոգ տանի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, նվիրված աշխատանքով, տարբեր գայթակղություններին «ոչ» ասելու ունակությամբ, հանցավորության նկատմամբ անհանդուրժողականությամբ. «Եվ որ ինձ համար ամենակարևորն է՝ վախի բացակայությամբ»:

«Իմ ծառայությունը միտված է լինելու այս նպատակին ուղղված դատախազության պոտենցիալի առավելագույն բացահայտմանն ու իրականացմանը»,- նշեց Աննա Վարդապետյանը:

Նա ընդգծեց, որ ինքը իր երբևէ չի հավակնել Գլխավոր դատախազի պաշտոնին և իր կարիերայի ընթացքում երկու անգամ հրաժարվել է Գլխավոր դատախազությունում բարձր պաշտոններից. «Այսօր ես գնում եմ այդ քայլին, ու նպատակս մեկն է՝ գիտելիքս ծառայեցնել օրենքի գերակայության ավելի բարձր նշաձողի սահմանմանը և դրանով նպաստել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը: Ես գիտակցում եմ, որ «ախր»-ներն ու «արդյոքներ»-ը ստվերի նման հետևելու են իմ յուրաքանչյուր քայլին»:

Աննա Վարդապետյանը, հիշեցնելով Նարինե Աբգարյանի «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» ստեղծագործությունը, նշեց. «Ինձ համար այդ մարդը իմ պապիկն է, ով մեծ դերակատարություն է ունեցել իմ կրթության մեջ: Նա ասում էր, որ քո երկրի նկատմամբ սիրո մասին չեն գոռում: Քո երկրի նկատմամբ սերն արտահայտվում է քո կատարած աշխատանքով ու ինքդ քեզ տրված այն հարցի պատասխանով, թե արժանի՞ եմ արդյոք ես լինելու իմ երկրի քաղաքացի: Ես այս հարցի պատասխանն եմ փնտրում և ուզում եմ, որ դատախազությունում աշխատանքն ինձ ավելի մոտեցնի այս հարցի պատասխանին»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, դիմելով թեկնածուին, հարցրեց. «Քանի որ հիմա սահմանադրական փոփոխությունների փուլ է նաև, ինձ հետաքրքիր է՝ դուք ունե՞ք ինչ-որ առաջարկություններ Սահմանադրության հետ կապված, թե՞ այն, ինչ կա սահմանադրական նորմերում բավարար է՝ դատախազության մասով»: Ի պատասխան Աննա Վարդապետյանը նշեց, որ ինքը մասնակցում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ու նաև խորհրդի աշխատանքներին՝ հրավիրյալ անձի կարգավիճակով. «Այս փուլում աշխատանքներ են իրականացվում այս փուլում Սահմանադրության առանձին գլուխների վերաբերյալ առկա խնդիրների վերհանման ուղղությամբ: Եվ առաջիկայում հնարավորություն կունենամ ներկայացնելու Դատախազության բարեփոխումների վերաբերյալ մեր տեսլականը»:

 Մանրամասներ՝ տեսանյութում

756