ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել Ռուսաստանի Դաշնության կողմից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այս նախագծի ընդունմամբ կլուծվիմի քանի տարի բարձրացվող խնդիրը, որի պատճառով ՀՀ-ում ստացված վարորդականներով մեր հայրենակիցները երկար ժամանակ չեն կարողացել ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ-ում։
Նշենք, որ մինչ այս, հայկական վարորդական իրավունքի վկայականներով հայ վարորդները իրավունք չունեին ռուսաստանի տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնել և ստիպված էին դիմել ռուսական վարորդական իրավունքի վկայականների ստացման համար, որը լրացուցիչ ֆինանսական ծախսեր և այլ խնդիրներ էր ստեղծում: