Այս հարցերը հենց նոյեմբերի 9-ից սկսած քննարկում ենք Արցախի  մեր գործընկերների հետ, որպեսզի լուծումներ գտնենք: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Բերձորի, Աղավնոյի և Սուս համայնքների ճակատագրին:

«Մենք ժամանակ ունենք և ճանապարհի մասով, և բնակիչների համար լուծումներ գտնելու համար,  մոտավորապես 1,5 տարի ունենք. Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք: Երբ մենք խաղաղության օրակարգ ենք փորձել առաջ տանել,  խոսել ենք հնարավոր խնդիրների մասին, այնպես չէ, որ մենք մտածում էինք ամեն ինչ հեշտ է լինելու»,- ասաց նա և նշեց, որ դա միայն Հայաստանից չէ կախված, և աշխատում են միջազգային գործընկերների հետ:

«Միանշանակ, սահմանային վերահսկողություն լինելու է, մենք բազմիցս ասել ենք, որ բացառում ենք  Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ»,- ասաց նա և նշեց, որ այդ մասին խոսել է նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելը,  և բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը այլ բան է ասում և ըստ նրա՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա:

Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Ադրբեջանի հետ Բրյուսելի և Մոսկվայի քննարկող օրակարգային հարցերը չորսն են. առաջինը հումանիտար հարցերում առաջնահերթ՝ գերիների վերադարձը, անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելը, ապաշրջափակումը, դելիմիտացիան և դեմարկացիան, ԼՂ հիմնախնդրի կարգավորումը: «Այս չորս հիմնական հարցերն են, որոնք Ադրբեջանի հետ քննարկվում են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Ադրբեջանը նախատեսված հանդիպմանը չի ներկայացել, Արմեն Գրիգորյանն ասաց. «Դեռևս հայտնի չեն հստակ պատճառներ՝ ինչու է Ադրբեջանը հետաձգել, հստակ պարզաբանում չենք ստացել՝ ինչու չեն եկել, իրենք պարզապես հետաձգել են»,- ասաց նա: Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է կարգավորվում Լաչինի միջանցքի փոփոխությունը,  և Ադրբեջանի դեպքում ևս կիրառվելու են հարկային տեսակներ:

1960