Հետպատերազմյան Արցախը փորձում է վերադառնալ խաղաղ բնականոն կյանքի: Հանրապետությունում հրադադարի հաստատումից հետո հաջորդ իսկ օրը սկիզբ առած շինարարական աշխատանքները անցած մեկ տարվա ընթացքում ավելի լայնածավալ և մասշտաբային բնույթ են կրում: Այս օրերին Արցախը մի մեծ շինհրապարակ է հիշեցնում: Ամենուր շինարարական եռուզեռ է, գրեթե յուրաքանչյուր փողոցում լսվում է անդադար աշխատող շինտեխնիկայի աղմուկը:   

Ինչպես InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Արցախի վերահսկողության տակ մնացած տարածքներում սկսվել ու այժմ էլ շարունակվում են ավելի քան 3700 բնակելի տների կառուցման աշխատանքները: Դրանք նախատեսված են հիմնականում տեղահանված, զոհված, անհայտ կորած և այլ սոցիալական խմբերի պատկանող արցախցիների համար:  3700 տներից 1065-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով են կառուցվում: Դրանցից 300-ը 2021 թվականի վերջին արդեն շահագործման են հանձնվել, մնացած 765-ը շահագործման կհանձնվեն մինչև 2023 թվականի ավարտը:

Հերքելով ասեկոսեները` նախարար Սարգսյանը նշում է, որ շինաշխատանքներում ներգրավված են Արցախում գործող բոլոր շինկազմակերպությունները. «Եվ դեռ աշխատուժի կարիք է զգացվում, շինարարներ ենք հրավիրում նաև Հայաստանից: Շինաշխատանքների ծավալներն էլ բաշխվում են ըստ կազմակերպությունների ներուժի, հնարավորությունների և տեխնիկական պոտենցիալի: Այնպես որ այստեղ ամեն ինչ պարզ է, թափանցիկ և տրամաբանված»: 

Բացի «Հայաստան» հիմնադրամի միջոցներից, Արցախում բնակարանաշինության գործում խոշոր ներդրումներ են կատարում նաև Հայաստանի ու Արցախի կառավարությունները: Բնակելի շենքերը Արցախում կառուցվում են ապաստարաններով, որոնք համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին՝ ունեն ջրի պահեստավորման համար հսկայական տարաներ, լոգասենյակ, զուգարան ու քնելու համար նախատեսված սենյակներ: Բնակարանները բնակիչներին հանձնվում են ամբողջովին վերանորոգված և գույքի հետ միասին, որը նույնպես տրամադրում է պետությունը: 

Ինչպես նշում է նախարարը, բացի նոր բնակարանների և տների կառուցման ծրագրից պատերազմից հետո Արցախում լայն թափ առավ առկա չբնակեցված բնակֆոնդի վերանորոգման աշխատանքները, ինչը հնարավորություն տվեց արագ լուծել ամենախոցելի խմբերի տանիքով ապահովման խնդիրը: «Օրինակ` 2021 թվականին ընդհանուր առմամբ վերանորոգել է 2800 տուն: Դա հիմնականում շրջաններում գտնվող, բաց վաղուց ի վեր լքված տներ էին: Վերանորոգումից հետո դրանք դարձան հարմարավետ, բոլոր չափանիշներին համապատասխանող բնակարաններ: Ի դեպ ամբողջ գույքն էլ բնակիչներին տրամադրեց պետությունը: Ներկայումս բոլոր այդպիսի տները վերանորոգվել են: Հիմա արդեն մեր ուշադրությունը ամբողջովին սևեռված է նոր բնակարանների և տների կառուցման ծրագրերի վրա»,- նշում է նախարարը:   

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

1231