Այսօր` հուլիսի 7-ին կայացող Կառավարության հերթական նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն՝ 6 ամիս ժամանակավոր արգելք տրվեց խոշոր եղջերավոր անասունների, ձիազգի կենդանիների, ոչխարների ու գառների չմշակված մորթիների արտահանման վրա:
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կաշվի արգելքի ՀՀ կառավարության որոշման ընդունումից ի վեր՝ սույն թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն թվականի ապրիլի 30-ը, ընկերությունների կողմից ընդունվել է 623,819 կգ չմշակված տավարի և 4768 հատ չմշակված ոչխարի կաշի։ Որոշման արդյունքում տեղական կաշվի մշակումն ավելացել է և արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել։
Աճել է ընկերությունների վերջնական արտադրանքը, ինչի արդյունքում մեծացել է տեղական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկը։
Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, որոնք վերամշակելով, տեղում կնպաստեն երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը: