
Գլխավոր դատախազությունը խոստացել է ինչ-որ տեսանյութ հրապարակել` ի պաշտպանություն այս գիշեր խմած վիճակում մեքենա վարած և ապա պարեկներին դիմադրություն ցույց տված ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դանիել Իոաննիսյանը․
«Հիշեցնեմ, որ պարեկները Պետրոսյանին ձերբակալել էին, բայց ժամեր անց մեկ այլ դատախազի որոշմամբ Պետրոսյանը ազատ էր արձակվել։
Ամբողջությամբ հասկանալով` իրենց կոլեգա դատախազին պաշտպանելու` դատախազության ԽԾԲ-ական մոտիվները, այդուհանդերձ առաջարկում եմ, որ հրապարակեն ոստիկանության բաժնի տեսախցիկների ձայնագրությունները։
Մասնավորապես, ձայնագրությունների այն հատվածը, որտեղ դատախազ (ավագ դատախազ) Պետրոսյանը, ինձ հասած տեղեկություններով, վերջին խոսքերով հայհոյում է պարեկներին։
Եվս մեկ անգամ կրկնում եմ` ՀՀ Դատախազությունում տիրում է ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանության մթնոլորտ և դա հանգիստ ապացուցելի է։
Հ.Գ. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը, հիշեցնեմ, ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է:
Հ.Գ.2. Նենց լավ կլիներ, եթե դատախազությունը բոլոր քաղաքացիների շահերը պաշտպաներ այնքան, որքան իր օրինախախտ աշխատակցինը (կամ, գոնե, դրա մի 10 տոկոսի չափով)»,- նշել է նա։