Կիպրոսի Հանրապետության հանրային ՌԻԿ հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման ընթացքում անդրադարձ է եղել Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի՝ Կիպրոսի Հանրապետություն կատարած առաջին պաշտոնական այցին, ինչպես նաև հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ հանդիպմանը:

Այս մասին հայտնում Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրությունից, տեսանյութում նշվում է, որ հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ հանդիպման ժամանակ դեսպան Մկրտչյանը նշել է, որ գալիք տարի ՀՀ-ը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում, որը կներկայացվի հայ դիվանագետի կողմից՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում նաև Կիպրոսը դիվանագիտական գրասենյակ կբացի Հայաստանում:

Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա են երկարամյա սերտ հարաբերություններ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավորություն կընձեռվի փոխադարձության սկզբունքով դիվանագիտական ներկայացուցչություններ բացել երկու երկրների մայրաքաղաքներում՝ Երևանում և Նիկոսիայում:

Դեսպանն անդրադարձել է նաև եռակողմ ձևաչափով Կիպրոս-Հայաստան-Հունաստան համագործակցությանը՝ նշելով, որ այդ համագործակցության շրջանակներում տարբեր ոլորտներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ ինչպես, օրինակ, ռազմական, քաղաքական, սփյուռքի ոլորտներում՝ հույս հայտնելով, որ այդ համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն:

Դեսպան Մկրտչյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի Հանրապետությանը՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:

Իր հերթին ՌԻԿ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլը նշել է, որ ջանքեր են գործադրվելու Հայաստանի հետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու նպատակով, ներառյալ լուրերի և տեղեկատվության ոլորտում համագործակցությունը և հավելել, որ ՌԻԿ-ը նաև ամենօրյա ռադիոհաղորդումներ է հեռարձակում հատուկ կիպրահայերի համար:

932