Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 69-ամյա Գրիգոր Ա-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Արմեն Խ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» ԲԿ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Սարգսյանի գլխավորությամբ։  Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։  

778