Արդարադատության նախարարության և Առողջապահության նախարարության համագործակցության շրջանակներում կյանքի է կոչվել քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժշկական անձնակազմի համար շարունակական մասնագիտական զարգացման ապահովման նախաձեռնությունը:

Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ա. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրի կնքման միջոցառմանը ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Այս համագործակցությունը նպատակ ունի բանտային առողջապահության ոլորտում իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման և կրթական ծրագրեր, կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ (միջոցառումներ), ապահովել նպաստավոր պայմաններ որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար:

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, շնորհավորելով կողմերին համագործակցության ամրագրման առթիվ, ընդգծել է, որ նման նախաձեռնությունների արդյունքում իմպլեմենտացվում է բանտային բժշկությունն ազգային առողջապահական համակարգին ինտեգրելու Կառավարության քաղաքականությունը։

«Մեր ազատազրկվածները պետք է ստանան այն նույն որակի և ծավալի բժշկական օգնություն ու սպասարկում, ինչ հանրության մյուս անդամները: Այս տեսանկյունից կարևոր է կրթական բաղադրիչի շեշտադրումը՝ բժշկական անձնակազմը կարող է տրամադրել պատշաճ բուժօգնություն, եթե ապահովվում է նրանց՝ արդի ժամանակներին համապատասխանող, շարունակական և կայուն մասնագիտական զարգացումը»,-նշել է Սարգսյանը:

Փոխնախարարը կոչ է արել կողմերին ինտենսիվորեն օգտագործել հուշագրով ընձեռված գործիքակազմը։

Փոխնախարար Նանուշյանը, շնորհավորելով կողմերին համագործակցության ամրագրման առթիվ, նշել է, որ շարունակական բժշկական կրթության համակարգի ներկա փոփոխությունները կարևոր են յուրաքանչյուր բուժաշխատողի մասնագիտական գործունեության ընթացքում հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերման առումով` նրանց կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման նպատակով:

Նա ևս կարևորել է քրեակատարողական համակարգում աշխատող բժշկական անձնակազմին կատարվող փոփոխություններից անմասն չթողնելու հանգամանքը և հույս հայտնել, որ հուշագրի կողմերը հուշագիրն առավելագույնս կծառայեցնեն դրան:

963