Մեկնարկել է Հայաստանում անցկացվող FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովը։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն՝ ընդգծելով, որ ուզում է հորդորել հայ կանանց և աղջիկներին՝ հավատալ իրենց ուժերին  և առաջ գնալ։ 

«FemInno կոնֆերանսը կազմակերպել են կանայք։ Բանախոսներն արդեն բարձունքների հասած կանայք են, ովքեր կիսվելու են իրենց պատմություններով։ Ուզում եմ ոգևորել, որպեսզի հայ կանայք և աղջիկները հետևեն այդ օրինակներին, հավատան իրենց ուժերին և գնան առաջ»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց Արշակյանը։

Նրա համոզմամբ՝ կանանց զբաղվածությունը տարբեր ոլորտներում քիչ է, որն իր հերթին բացասական հետևանքներ է առաջ քաշում։ Հայաստանն անհրաժեշտություն ունի կանանց ոգևորել, մոտիվացնել՝ գիտության և տեխնոլոգիաների մեջ ներգրավելու համար։

«Ուրախ եմ, որ այստեղ եմ, միաժամանակ, ինձ համար պատիվ է այս կոնֆերանսին ողջույնի խոսք ասել։ Պետք է յուրաքանչյուրս ջանք գործադրենք, որպեսզի կանայք էլ ավելի ակտիվանան տարբեր ոլորտներում»,- նշեց Արշակյանը։

ԱԺ նախագահի տեղակալը նկատեց՝ Հայաստանի համար ձեռքբերում է տարածաշրջանում նման ֆորմատի միակ համաժողովը մեր երկրում անցկացնելը։ Նա շեշտեց՝ լիահույս է, որ համաժողովը, միջազգային լինելով, որպես «արտադրանք»՝ կարտահանվի տարբեր երկրներ, ինչի դեպքում ՀՀ կառավարությունը պետական աջակցություն կցուցաբերի։ 

«Տեսանք, որ միջազգային բավականին բարձր ներգրավածություն կա և՛ տեխնոլոգիական, և՛ գիտական ոլորտից։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում կանանց առաջնորդությունն արդեն հասունացել է: Իհարկե, ողջունելի է, որ կանայք ակտիվ են»,- ասաց Արշակյանը։

1068