Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են հուլիսի լույս 4-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում Երևանի Ջիվանու փողոցի տներից մեկը մտած, տանտիրուհուն ծեծած, ոսկե մատանի, կես միլիոն դրամ, բջջային հեռախոս հափշտակած ու փախած անձին:Տուժողը ոստիկանություն էր դիմել դեպքից մոտ 12 ժամ անց:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից,  Ջիվանու փողոց մեկնած քրեական հետախույզները անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ են ձեռնարկել:

«Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և օպերատիվ տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ ավազակությունը հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Նորակերտ գյուղի 34-ամյա մի բնակիչ:

Հուլիսի 31-ի երեկոյան Մալաթիայի համայնքային ոստիկանները նրան հայտնաբերեցին, ձերբակալեցին ու ներկայացրին տարածքային քննչական մարմնին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

1625