Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը Տաջիկստանում սկսել են «Տարածաշրջանային համագործակցություն-2022» զորավարժություններ անցկացնել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, հայտնում է avesta.tj-ն։

Գործակալության տվյալներով՝ զորավարժությունները սկսվել են չորեքշաբթի և կանցկացվեն տասն օր։ Դրանք կազմակերպվում են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից։

Զորավարժությունների մասնակիցներին ողջունել է Տաջիկստանում ԱՄՆ դեսպան Ջոն Մարկ Պոմերսհայմը։

Տարածաշրջանային համագործակցությունը ամենամյա զորավարժություն է, որն ուղղված է կայունության բազմազգ գործողությունների ամրապնդմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ասիայի պետությունների, Միացյալ Նահանգների և այլ մասնակից երկրների միջև համագործակցության և համատեղ կարողությունների զարգացմանը: Դրանց մասնակցում են ԱՄՆ-ի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Պակիստանի և Ուզբեկստանի զինվորականները։

Բացի այդ, Տաջիկստանը և Միացյալ Նահանգները Ֆախրաբադի ուսումնական կենտրոնում կանցկացնեն դաշտային զորավարժությունների հնգօրյա երկկողմանի բաղադրիչ:


 

494