ՀՀ կառավարության 2011 թվականի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, որով Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ 

Ըստ նախագծի՝ երեք նոր անցակետերը կտեղաբաշխվեն Գեղարքունիքի մարզում՝ Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային (Քելբաջարի շրջան), Արարատի մարզ՝ Երասխ համայնք՝ ավտոմոբիլային (Սադարակի շրջան, գյուղ Սադարակ` ավտոմոբիլային), Սյունիքի մարզ՝ Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային (Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի՝ ավտոմոբիլային) հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։ 

Սույն որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

1585