ՀՀ ՊՆ-ն նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, ըստ որի` առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ եւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն` պետբյուջե գումար վճարելու պայմանով:

Օրենքի նախագծի համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափով և կարգով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագրի դադարեցմամբ պայմանավորված սահմանվում են անցումային դրույթներ: 

Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:

Ըստ նոր ծրագրի` շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով («Հայրենյաց պաշտպան» ծրագիր), որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաև կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ: Ընդ որում, գործող օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանվող կարգի փոխարեն գործընթացը կարգավորվելու է ՀՀ կառավարության որոշմամբ: Միաժամանակ, նախկին ծրագրով զինվորական ծառայություն անցնող և անցած զինծառայողների (նախկին զինծառայողների) համար, ծրագրի դադարեցմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել օրենքով և ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 456-Ն որոշման համաձայն հաշվարկվող պատվովճարի գումարի տնօրինման իրավունքը սահմանել այդ անձանց հայեցողությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղությունների:
     ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծում, որի շրջանակներում, հաշվի առնելով նաև մի շարք օտարերկրյա պետությունների փորձը, առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության որոշակի ժամկետը և, դրանով պայմանավորված՝ զինծառայողի պատրաստության ուսումնական փուլը լրանալու դեպքում (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով, զինծառայողին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն: Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռնվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է: Գործընթացը փոխկապակցված է նաև մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման ու դրա հիման վրա լրավճարների սահմանման համակարգի ներդրման հետ:

Օրենքի նախագծի ընդունումն առաջիկա հինգ տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

 

4517