Այսօր Հայկոյի ծննդյան օրն է: Նա կդառնար 49 տարեկան:  Այսօր Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված է մեծ համերգ՝ նվիրված սիրելի երգչի` ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի հիշատակին . «Սերը սիրուց հետո՝ կարոտով...»:

 Կհնչեն Հայկոյի երգերը, Հայկոյի կինոերաժշտությունը, Հայկոյի մտքերն ու Հայկոյի անսահման աշխարհը՝ հայտնի արտիստների մեկնաբանությամբ եւ մեծ նվագախմբի կատարմամբ։  Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամն» իրականացնում է մշակութային մի շարք ծրագրեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի ստեղծագործական ժառանգությունն արժանապատիվ ներկայացնելու եւ պահպանելու համար։

Հայկոն իր առաջին երաժշտական կրթությունը ստացել է Չուխաջյանի անվան դպրոցում, ապա ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել էր 1-ին մրցանակին։ 1997 թ. Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնի հաղթողն էր։ 1998 թ. «Այո» երգի մրցույթի ժամանակ Հայկոն արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։ Այնուհետեւ 1999 թ. ավարտեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Տարիներ շարունակ անընդմեջ հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Հայկոն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թ. առաջին մենահամերգով տեղի է ունեցել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2006 թ. Հայկոյին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնում էր Հայկոն, նա զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Մեծ է Հայկոյի ներդրումը կինոերաժշտության մեջ։  2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։

2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ 

2021 թ. սեպտեմբերի 21-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով՝ ծանր վիճակում, սիտեղափոխվել է հիվանդանոց։ Covid-ը չխնայեց սիրված երգչին։ Հայկոն մահացավ սեպտեմբերի 29-ին՝  ախտահարվել էր նրա թոքերի 80%-ը։


 

1041