ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության նիստի ընթացքում խոսելով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, նշեց, որ մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ է կառուցվելու, վերակառուցելու և հիմնանորոգելու ծրագիրը մեկնարկել է, և ծրագրի իրականացման արդյունքում նույնիսկ հեռավոր բնակավայրի երեխաներ բարձրորակ մանկապարտեզներ, դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածննդի առանցքային գործոն պետք է դառնա: Ըստ նրա՝ Հայաստանի շատ գյուղեր դատարկվել են այդ ամենի բացակայության պատճառով: Նա նաև կարևորեց գյուղական կրթահամալիրների ծրագիրը, տաղանդի խրախուսման, պաշտպանության, փնտրտուքի մեխանիզմների ձևավորումը: «Մենք չենք կարող հանդուրժել մեր ուսուցիչներին և դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը և դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել»,- ասաց նա՝ նկատի ունենալով ուսուցիչների ատեստավորման գործընթացը:

Ընդ որում՝ դա պետք է լինի շարունակական գործընթաց, և ատեստավորված ուսուցիչները 5 տարին մեկ նույն եղանակով իրենց աշխատավարձը կրկին բարձրացնելու հնարավորություն պիտի ստանան: Այսինքն՝ ամեն 5 տարին մեկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները նորից կարող են կամավոր ատեստավորվել և կրկին աշխատավարձի բարձրացում ունենալ: Իսկ մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչներն այդ կարգավիճակը պահպանելու հնարավորություն չեն ունենալու, այսինքն՝ ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու»,- ասաց նա: Վարչապետի խոսքով՝ նույն գործընթացը պետք է ընդգրկի նաև մանկապարտեզների դաստիարակներին:

414