ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նախկինում կատարված գողության դեպք է բացահայտվել: Հաղորդագրության մեջ ասված է.

«Հուլիսի 17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել հասարակական կազմակերպություններից մեկի նախագահը և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի մի ճամբարից գողություն են արել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ հուլիսի 11-ի ժամը 16.00-ից հուլիսի 17-ի ժամը 14.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք գողացել են հասարակական կազմակերպության՝ Ճամբարակ-Վարդենիս ճանապարհին գտնվող շենքի եվրոպատուհանների փեղկերը և ջեռուցման կաթսաներ:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի, Գավառի և Մարտունու բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողների ինքնությունը:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջականներում սեպտեմբերի 2-ին խուզարկություն է կատարվել Վարդենիսի 31-ամյա բնակչի և Արեգունի գյուղի 28-ամյա բնակչի բնակարաններում և օժանդակ շինություններում: Խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Վարդենիսի բնակիչ 31-ամյա տղամարդու բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 5 փաթեթ՝ մոտ 44,87 գրամ կանեփանման զանգվածով, իսկ տնամերձ հողամասից հայտնաբերվել է կանեփի 168 բույս:

Նրանք ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաքննությունը շարունակվում է»:

1408