
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Տարոն 2 Ուկրաինական պողոտայից «ձախ թիակի շրջանի կտրած պատռած վերք 7-8 սմ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել դի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները:
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ Ս․ Հ․-ի հետ անձնական հարցի շուրջ Տարոն 2 Ուկրաինական պողոտայի 10/2 հասցեի մոտ վիճաբանություն է առաջացել Վանաձորի բնակիչ 31-ամյա Կ. Առաքելյանի և Գ․ Հովհաննիսյանի միջև, որի ընթացքում Կ․ Առաքելյանը սուր կտրող-ծակող առարկայով (ըստ տեղեկությունների՝ օգտագործվել է դանակ) հարվածել է Գ․ Հովհաննիսյանին, ինչը դարձել է մահվան պատճառ։
Կայքի տեղեկություններով՝ պարզվել են նաև ականատեսների ինքնությունները, որոնք հրավիրվել են ոստիկանության Տարոնի բաժին, կատարվածի մասին տվել հաղորդումներ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ Կ․ Առաքելյանին և հանցագործության գործիք-դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։