Կարևորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը և իրավախատումների արագ հայտնաբերումը` Կառավարությունը նախատեսում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 43.1 հոդվածի 3-4-րդ, 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել նաև ՀՀ ոստիկանությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Այդ նպատակին է ուղղված ««Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է սեպտեմբերի 7-ի նիստում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ:

««Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվեն «թափոնների հեռացման վայրերը շահագործողներ» և «թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ» հասկացությունները, աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը, կհստակեցվի մոնիթորինգ իրականացնողների շրջանակը:

Սահմանված կարգին համապատասխան իրականացված մոնիթորինգը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, կապահովի թափոնների տեղադրման վայրի հարակից տարածքներում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը:

Օրենսդրական փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

959