Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը:

«Խաչվերացի տոնն ամբողջական ձևակերպմամբ կոչվում է Տօն Վերացման Սրբոյ Խաչին (Սուրբ Խաչի Բարձրացման Տոն)։ Այս տոնը սահմանել է Սուրբ Հակոբոս Առաքյալը առաջին դարում, երբ Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, Սուրբ Պետրոս Առաքյալին լսելով և հավատալով Քրիստոսին, գալիս է Հռոմից Երուսաղեմ և գտնում է Երուսաղեմն ու քրիստոնյաներին հալածված, Տիրոջ խաչափայտն անարգված և Գողգոթայից ոչ հեռու աղբով ծածկված։ Նա «կայսերական իշխանությամբ» հրամայում է հանել Խաչը և հանձնել քրիստոնյաներին։ 

Սուրբ Հակոբոս Առաքյալը, ով այդ ժամանակ Երուսաղեմի եպիսկոպոսն էր, վերցնում է Խաչը և հավաքված ժողովրդի առջև բարձրացնում՝ սահմանելով, որ պետք է ամեն տարի կատարվի Սուրբ Խաչի Բարձրացման հիշատակը։ Այս տոնը մեծ տոն է, որովհետև Խաչափայտը և, առհասարակ, Խաչի նշանը կապված է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի կատարած փրկագործության հետ, որը քրիստոնեության հիմքն է։

Քրիստոսի խաչելության փաստը Նրա ժամանակակիցների համար կարծես այդքան էլ կարևոր իրադարձություն չէր: Հոգևոր կյանքում է, որ հասկանում ենք կամ փորձում ենք լիարժեքորեն ըմբռնել խաչելության և խաչի խորհուրդները։ Խաչով Քրիստոս փրկեց մարդկությանը, մաքրեց մեղքերից և տվեց երկրորդ հնարավորությունը։ Խաչով էր, որ Քրիստոս հաղթեց։ Քրիստոսի խաչը հաղթանակն է աստվածայինի, հաղթանակն է սիրո։ Խաչը, մահվան գործիք հանդիսանալով, հաստատեց Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ։ Այն քրիստոնյայի համար դարձավ օրինակ սիրո և զոհաբերության։

Քրիստոս խաչվեց, մահացավ ժամանակին ամենաանարգ մահը համարվող մահով, բայց հաղթեց։ Իր խաչելությամբ ցույց տվեց, որ խաչը բնավ ծանրություն չէ, բնավ վերջը չէ։ Խաչն առաքելություն է։ Եվ այսօր էլ, երբ ասում ենք, թե «Դա իմ խաչն է», փորձենք նկատի ունենալ ոչ թե բեռը, պատիժն ու ծանրությունը՝ այլ առաքելությունը՝ հաղթանակով պսակելու մեզ տրված փորձությունները և մեր կյանքի ընթացքը։

Սուրբ Գրիգոր Տաթևացին փաստում է՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»:  

Վերարժևորե՛նք կյանքի, մահվան և դրանց միջև եղած կամուրջի՝ Խաչի մասին մեր պատկերացումներն այսօր։ Քայլե՛նք դեպի Գողգոթա՝ Քրիստոսի ճանապարհով՝ մեր խաչը կրելով ոչ որպես բեռ, այլ առաքելություն, ինչպես որ Տերն արեց։ Մեր Խաչը մեր առաքելությունն է»,–գրում է Qahana.am–ը։

 

421