Ընդդիմադիր երկու խմբկացությունները որոշում են կայացրել չվերադառնալ 8-րդ գումարման Ազգային ժողով։ Աշնանային նստաշրջանը մեկնարկեց առանց ընդդիմադիրների ներկայության։ Փոխարենը  երկու խմբակցությունները իրենց համակիրների հետ «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով համաժողով են կազմակերպել։  Ընդդիմության լիդերների հռետորաբանությունում ոչինչ չի փոխվել՝ «Ազգային ժողովը ամենախայտառակն է», «Իշխանությունը չի սպասարկում ազգային շահը», «դավաճան են» և այլն։  Այս լոզունգները ամիսներ շարունակ փողոցում վանկարկող ընդդադիրները արժանացան հանրային լայն շրջանակների եթե ոչ հակադրմանը, ապա վստահաբար՝ տոտալ անտարբերությանը։ Հիմա, ըստ էության, փողոցային պայքարի ձախողված փորձից հետո մարտավարությունը փոխել են՝ հանդիպեն քննարկեն, իշխանությանը քննադատեն, և դրանով քաղաքական աշունը «թեժ» պահեն։

 

Ընդդիմությունը պնդում է, որ Ազգային ժողովը սպասարկում է թշնամու շահերը և իրենք որոշել են մենակ թողնել նրանց այդ հարցում։ Հարց է առաջանում՝  ի՞նչով են զբացվելու 300 հազարից ավելի քվե ստացած և մանդատներ վերցրած ընդդիմադիր պատգամավորները։ Հանրության  մի ստվար զանգված քվե է տվել ընդդիմությանը՝  Ազգային ժողովում սպասարկելու իրենց շահերը, բարձրացնելու իրենց հուզող հարցերը, քաղաքական թիվ մեկ ամբիոնը և հարթակը օգտագործելու իշխանությանը հակակշիռ դառնալու համար։ Արդյունքում երկու ամիս Երևանի փողոցներում Հայրենիքի փրկության մասին երթեր անող ընդդիմությունը հիմա էլ որոշել է խորհրդարան վերադառնալու փոխարեն այլընտրանքային հարթակ, հանձնաժողով ստեղծել և ըստ իրենց՝ սպասարկել Հայաստանի իրական օրակարգը։ Հիրավի պատգամավորական աշխատավարձ ստանալով՝ քննարկումների ակումբ ստեղծել և առավոտից երեկո քննարկումներ, կանխագուշակություններ անելը ավելի հեշտ զբաղմունք է, քան խորհրդարանականի աշխատանքը։

 

Նմանօրինակ գործունեությունը հատուկ է  ընտրություններում խորհրդարանից դուրս մնացած ուժերին, որոնց ինքնարտահայտվելու միակ ձևը կամ փողոցային պայքարն է, կամ  այլընտրանքային հարթակների ձևավորումը։ Այդ ճանապարհը բռնած խորհրդարանական ընդդիմության ապագան մեկն է՝  քաղաքական ասպարեզից կամավոր ինքնամարգինալացում։ 

Եթե Հայաստանի անվտանգությունը իրապես սպառնալիքի տակ է (ընդդիմադիրները ամեն օր գուժում են դրա մասին), և ընդդիմությունը հայտարարում է, որ իրենք մենակ են թողնում իշխանությանը, ապա Իշխան Սաղաթելյանը անխոս ճիշտ է՝ «Այս Ազգային ժողովը ամենախայտառակն է Հայաստանի պատմության մեջ», և այդ խայտառակության կրողը բացարձակ անպատասխանատու ընդդիմությունն է։

636