Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումների փաստի առնչությամբ։

«Ես խստորոն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից նախորդ գիշերվա լայնածավալ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բազմաթիվ թիրախների դեմ։ Տեղեկություններ կան ինտենսիվ հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին, որոնք թիրախավորել են Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի հայկական բնակավայրերը՝ պատճառ դառնալով դեռևս անհայտ թվով զոհերի»,- նշել է Կալյուրանդը՝ ընդգծելով, որ այս նոր ագրեսիան շարունակությունն է մարտին և օգոստոսին Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, որոնց ժամանակ ադրբեջանական կողմն օգտվել էր ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված համաշխարհային և տարածաշրջանային իրադրությունից։

«Կոչ եմ անում միջազգային հանրությանն ու մասնավորապես Եվրամիությանը հստակ կերպով պատասխանել այս անընդունելի ուժի կիրառմանը։ Սա «երկու կողմերին» զսպվածության կոչեր հղելու «անատամ» հայտարարությունների ժամանակը չէ։ Ընդամենը երկու շաբաթ առաջ էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը Բրյուսելում համաձայնության եկան՝ մեկ ամսվա ընթացքում սկսելու աշխատել խաղաղության համաձայնագրի տեքստի վրա։ Կոչ եմ անում Բաքվին չվատնել այս պատմական հնարավորությունը և անհապաղ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»,- հայտարարել է Կալյուրանդը։

 

1382