Գիշերվանից մեր տղերքը կռվում են անձնազոհաբար, կռվում են հանուն պետականության։ Չէ, Շահումյանն ու Շուշին հետ չեն բերում, Բաքու չեն հասնում։ Կռվում են Հայաստանի սահմանին ամուր կանգնած, կռվում են ագրեսորին կանգնեցնելու համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Կռվում է կանոնավոր բանակը, կռվում են կամավորները, որոնք մինչև առաջնագիծ հասնելը բավականին լուրջ ֆիլտրացիա են անցնում՝ անցած սխալներից խուսափելու համար։ Առաջնագիծ հասնում են միայն ամուրներն ու տոկունները, որոնք հստակ գիտեն ստորաբաժանման մեջ իրենց դերն ու տեղը։

Սա բնավ չի նշանակում, որ ամեն ինչ ընտիր է, երկինքը կապույտ է, հակառակորդն էլ համատարած փախուստի մեջ է, բայց առնվազն ակնհայտ է, որ հակառակորդը ստանում է դիմադրություն, որին չէր սպասում, չէր սպասում հատկապես կրակի այն խտությունից հետո, որը կար գիշերվանից։ Իսկ այդ խտությունը ավելի էր օրինակ՝ քառօրյա պատերազմի օրերին եղածից։

Ի՞նչ է պահանջվում յուրաքանչյուր քաղաքացուց. չտրվել ինֆորմացիոն սադրանքներին, լինել ամուր, սեփական կամքից անկախ չդառնալ կոլաբորացիոնիստական խմբակների համար «օգտակար ապուշ», որը ինքն էլ չգիտակցելով տարածում է ինֆորմացիոն էն չափաբաժինները, որոնք մշակված են հատուկ կենտրոններում՝ մեր դիմադրողականությունը զրոյացնելու համար»,-գրել է նա։

254