Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00–ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ Կոնդի եկեղեցու դիմաց ծառայություն կատարող ոստիկանության զորքերի ծառայողների ուղղությամբ անհայտ անձը պայթուցիկ է նետել:  

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Մխիթարյանի  գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը, ապա դեպքի վայրի տարբեր հատվածներում հայտնաբերել են  1 հատ ճայթած ինքնաշեն պայթուցիկ և 1 հատ չճայթած ինքնաշեն կանաչ կպչուն ժապավենով փաթաթած պայթուցիկ:

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ԱԻՆ կինոլոգն ու սակրավորը:  

Ըստ նախնական տեղեկությունների՝բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:  Shamshyan.com

2257