Սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարար Դենդիասն անդրադարձել է Հունաստանի դեմ Թուրքիայի թշնամական հռետորաբանության ուժգնացմանը: Նախարար Կասուլիդեսն իր գործընկերներին ներկայացրել է Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը և Կիպրոսի վերամիավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:

Նախարարներ Կասուլիդեսը և Դենդիասն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին։ ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ շփումները եռակողմ ձևաչափի շրջանակներում` այն որակապես նոր մակարդակի հասցնելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր:

434