Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է եղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պետական արարողությանը:

Նախագահ Խաչատուրյանը մասնակցել է Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի արարողությանը, գրառում կատարել Լանկաստերի պալատում բացված սգո մատյանում:

Նախագահը մասնակցել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։

Երեկ առավոտյան նախագահ Խաչատուրյանը մասնակցել է Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի պատարագին, որը տեղի է ունեցել Ուեստմինստերյան աբբայությունում, որից հետո նախագահը ներկա է եղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի կողմից կազմակերպված ընդունելությանը:

Ընդունելությունների ժամանակ նախագահ Խաչատուրյանն առանձնազրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում նախագահն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանն, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին։ Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, աշխարհաքաղաքական իրադարձություններին։

770