Առաջին ալիքը և Եվրոպական հեռարձակողների միությունը հայտնում են, որ Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի այս տարվա խորհրդանիշ է ընտրվել միջազգայնորեն ճանաչված խաղալիք հոլը:

Հոլի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով, որոնք Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։

*Սահմանային իրավիճակով պայմանավորված` Հանրային հեռուստաընկերությունը հետաձգել էր «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի բրենդինգի հրապարակման օրը: Այնուամենայնիվ, մրցույթի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և ըստ ժամանակացույցի՝ վերջնաժամկետները փոփոխել այլևս հնարավոր չէր: Հուսով ենք, որ «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպչական աշխատանքները և բուն մրցույթը կանցկացվեն խաղաղության պայմաններում, և մեզ հնարավորություն կտրվի երեխաներին իրական երաժշտական տոն պարգևել Երևանում:

979