
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարպենտերը անցկացրել է հեռավար ասուլիս, որի ընթացքում պատատասխանել է մի շարք հարցերի, որոնց թվում էին Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության, Հարավային Կովկասում ստեղծված կացության, Լեռնայն Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր: Այս մասին նշում է «Ամերիկայի ձայն»-ը։
Իր խոսքում դեսպան Քարպենտերը ասել է. «Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է (Հարավային Կովկասի) տարածաշրջանում: Մենք ներկայումս ակտիվորեն ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկումներում։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացին և խորապես ներգրավված ենք նաև Վրաստանում: Կովկասում մեր նորանշանակ բանագնաց Ֆիլ Ռիկերը Թբիլիսիում էր, և մենք պատրաստվում ենք շարունակել բարձր մակարդակի երկխոսությունը Վրաստանի հետ։
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության և Մինսկի խմբի ապագայի մասին հարցերին՝ դեսպան Քարպենտերն ընդգծել է. «Միացյալ Նահանգները վերջերս Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակեց Ֆիլ Ռիկերին: Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Մինսկի խումբը ներկայումս չի անցկացնում հանդիպումներ համանախագահների միջև՝ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի և այլ պատճառներով։
Ներկայումս առկա է խաղաղ գործընթաց, որը երկու կողմերի հետ առաջնորդում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և ԱՄՆ-ը մեծապես աջակցում է այդ գործընթացին։ Մենք նաև երկկողմ ձևաչափով ակտիվորեն ներգրավված ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ գործընթացը որտեղ և երբ հնարավոր է դյուրին դարձնելու համար ԵՄ մեր գործընկերների հետ սերտ խորհրդակցությամբ»,- ասել է Քարպենտերը:
Ամերիկացի դիվանագետը նաև հավելել է. «Մեր գերակա նախապատվությունն է, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն, տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական միջանցքների բացմանը, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Եվ իհարկե, հիմնարար տեղ է զբաղեցնում տարածաշրջանում բնակվող ողջ բնակչության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ասել է դեսպան Քարպենտերը: