Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Ա. Ստեփանյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած  «Ճամբարակ» առողջության կենտրոնի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միքայել Միքայելյանի գլխավորությամբ:

814