Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել Գլենդեյլի բնակչությանը և քաղաքային իշխանություններին Արցախը մշտապես ուշադրության  կենտրոնում պահելու համար և ընդգծել, որ դա բարձր է գնահատվում արցախցիների կողմից։

Նույն օրը նախարար Բաբայանը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Դավիթ Բաբայանը կարևորել է Մարտունու և Գլենդեյլի միջև համագործակցությունը՝ սոցիալ-տնտեսական, մարդասիրական և բարոյական տեսանկյուններից։ Նախարարը հավելել է, որ Գլենդեյլի հետ փոխգործակցությունը, միանշանակ, դրական ազդեցություն կունենա շրջկենտրոն Մարտունու զարգացման գործում։

Հանդիպմանն ու հռչակագրի ստորագրման արարողությանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

398