Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարային խնդրել է ազդել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վրա ԴԺՀ, ԼԺՀ, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացվող հանրաքվեների հարցում, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա խոստացել է այդ հարցը քննարկել Պուտինի հետ սեպտեմբերի 29-ին կայանալիք հեռախոսազրույցում, հայտնում է Anadolu-ն։ Սակայն թուրք առաջնորդը նշել է. «Պուտինը, որին ես ճանաչում եմ, կանի այն, ինչ մտածել է»։

Էրդողանը «կցանկանար, որ հանրաքվեներ չլինեին», սակայն, նրա կարծիքով, այս հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Հիշեցնենք, որ հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը։ Խերսոնի մարզում, ըստ պաշտոնական արդյունքների, Ռուսաստանին միանալու օգտին է քվեարկել բնակիչների 87%-ը, մյուս երեք շրջաններում՝ ավելի քան 90%-ը։

ԴԺՀ և ԼԺՀ ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը, ինչպես նաև Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն Պուտինին խնդրել են դիտարկել այդ տարածքները Ռուսաստանին միացնելու հարցը։

Զելենսկին զգուշացրել է, որ Պուտինի հետ խոսելու ոչինչ չի ունենա, եթե Մոսկվան ճանաչի հանրաքվեների արդյունքները։ Իր հերթին, ՌԴ նախագահն անգամ քվեարկության արդյունքների հրապարակումից առաջ խոստացել էր, որ Ռուսաստանը կաջակցի ԴԺՀ, ԼԺՀ, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչների որոշմանը։

2289