ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները Մեղրի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանող Իրանի քաղաքացի Մ․Յ․-ին։ Անձնական զննման  արդյունքում քաղաքացու տաբատի գրպանում, ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն զանգված։ Հայտնաբերված շագանակագույն զանգվածը հանդիսացել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ բաճկոնի զննման արդյունքում ծոցագրպանից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 0․5 լ տարողությամբ պլաստմասսայե շիշ՝ ամբողջությամբ լցված «մեթադոն» տեսակի հեղուկ թմրամիջոցով։  

Փաստի առթիվ ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին, տրամադրվել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչությանը, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշներով։

ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ մաքսանենգ ճանապարհով արգելված ապրանքներ ներմուծելուց, հիշեցնելով, որ այս ուղղությամբ  իրականացվում է մշտադիտարկում և թիրախային վերլուծություն։ 

149